Այս քայլին գնալուց առաջ շատ երկար եմ մտածել, կշռադատել, ծանր ու թեթև արել։ Ինչ վերաբերում է իմ կամակորությանը, այստեղ այն ընդհանրապես դեր չի տանում։ Բացարձակ դեր չունի նաև գումարը, որը, ի դեպ, շատերը կարծում են, թե առաջնային դեր ունի այդ հարցում։
Ոչ, կարևորը սերն է։ Ախր ճիշտ հասկացեք, ես սիրահարվել եմ այս մարդու հոգուն՝ առանց հաշվի առնելու, թե նա քանի տարեկան է։ Հետո է միայն պարզվել, որ նա իմ հորից անգամ երկու տարով մեծ է։ Հենց այստեղից էլ սկսվել են դժվարությունները՝ կապված մի շարք հանգամանքների հետ։
Նախ նա ամուսնացած էր, ուներ երկու իմ հասակի երեխաներ՝ տղա և աղջիկ։ Այս հանգամանքը խնդիրներ էր առաջացնում․ չէինք կարողանում հադիպել, շփվել։ Հետո կարևոր դեր ուներ նաև իմ ընտանիքը, որը դեմ էր և մինչ այսօր էլ դեմ է իմ ու նրա միությանը՝ ելնելով տարիքային տարբերությունից։ Նրանք կարծում են, որ ես սիրելիիս փողերին, ոչ թե նրան եմ սիրահարված։
Հիմա չգիտեմ՝ ոնց եմ ասելու, որ սիրածս մարդն արդեն բաժանվել է, թողել է իր ընտանիքը՝ հանուն ինձ, որ տեղափոխվում եմ նրա հետ ապրելու։ Իսկապես երկու քարի արանքում եմ հայտնվել։