A1News.am-Արդեն 10 օր է, ինչ Արցախը բառացիորեն շրջափակման մեջ է՝ հայտնվելով հումանիտար լուրջ խնդրների առջև, իսկ ռուսական կողմը շարունակում է արտատպել ոչինչ չասող նույն բովանդակության տեքստը՝ բանակցությունները շարունակվում են: Փաստորեն, իր պատասխանատվության գոտում,
ռուսական կողմը բանակցում է մի հարցի շուրջ, որի մասին համաձայնություն ձեռք է բերվել 2020թ. նոյեմբերին ստորագրված եռակողմ փաստաթղթով:
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել, այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:Հաղորդվում է այն մասին, որ խաղաղապահների հրամանատարությունը
շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու հարցով: Նշվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:
«2023 թվականին ռուսական զորքերի խմբավորումները և խաղաղապահները կշարունակեն իրականացնել իրենց խնդիրները Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում», այս մասին էլ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ։
«2023 թվականի առաջնահերթ խնդիրներն են՝ շարունակել ռազմական հատուկ գործողությունը, մինչև խնդիրների լիարժեք կատարումը, ռուսական զորքերի խմբավորումների և ուժերի հետ ապահովել Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում խաղաղության և կայունության պահպանումը», — ասել է Շոյգուն։