օգոստոսի 30-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Նորաշեն-Դվին ավտոճանապարհի՝ Նորաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Վերին Արտաշատի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Գ-ի վարած Zaneiia PX250 մոտոցիկլն ու անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մի քանի մետր շպրտվել է, և օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Արտաշատի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ մոտոցիկլին բախվել է Արարատի մարզի բնակիչ՝ 62-ամյա Գառնիկ Թ-ն՝ իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով, ով տարված բացատրական աշխատանքների արդյունքում այսօր ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Արարատի մարզային քննչական վարչություն։