A1News.am-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ակնկալում էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել 2022 թվականին։
«Ես անկեղծորեն հույս ունեի, որ մինչև տարեվերջ (2022թ.- խմբ.) մենք կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել, բայց դա տեղի չունեցավ։ Ինչի՞ է սպասում Հայաստանը. Հավանաբար ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխություններ, գուցե ինչ-որ մեկը նրան ինչ-որ
բան է խոստացել»,- ասել է Ալիևը: Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին՝ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի Ադրբեջանի առաջարկը «որոշ ժամանակ սեղանին կլինի»։
«Նրանք սահմանազատում չեն ուզում, ինչը նշանակում է, որ սահմանն անցնելու է այնտեղ, որտեղ մենք հարմար ենք համարում։ Սահմանը սահմանազատված չէ, իսկ ո՞վ ասաց, որ այն անցնում է այնտեղով, ոչ այստեղով։ Ես կարծում եմ, որ դա այստեղ է անցնում, դրա համար պատճառներ ունեմ՝ պատմական և քարտեզագրական»,- ասել է Ալիևը և հավելել. «Մենք սպասում ենք, որ Հայաստանը պաշտոնապես
ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս տարին Հայաստանի համար կլինի վերջին շանսը: Հետո կլինի 2024 թվականը, ապա 2025-ին կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Նրանք պետք է մի փոքր հեռու մտածեն»,- ասել է նա: