Երկար տարիներ է աշխատում եմ դպրոցում: Շատ եմ սիրում իմ աշխատանքը ու երեխաներին: Տարրական դասարանների դասվար եմ ու շատ եմ կապվում աշակերտներիս հետ՝ տարիներ շարունակ նրանց ամեն օր տեսնելով: Բոլորին ընկալում եմ յուրովի ու մոտեցումս էլ յուրահատուկ է ամեն մի աշակերտին: Սակայն նախորդ շաբաթ մի դեպք տեղի ունեցավ, որն ընկճել է ինձ:
Դասարանում ունեմ շատ ակտիվ տղաներ, որոնք միշտ նեղացնում են ավելի հանգիստ ու համեստ երեխաներին: Մի օր, երբ ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից, խիստ տոնով ասացի այդ երեխաներին՝ բավական է նեղացնեք ձեզնից խեղճերին, դուք դրա իրավունքը չունեք, այստեղ բոլորը հավասար են՝ անկախ ֆինանսական վիճակից, հագուկապից ու սոցիալական վիճակից: Ես չգիտեմ, դուք տանը ձեզ ինչպես եք պահում, բայց ես թույլ չեմ տա, որ դասարանի մյուս երեխաներին նեղացնեք:
Հաջորդ օրը դպրոց է գալիս այդ տղաներից մեկի մայրը և ինձ կանչում են տնօրենի սենյակ, քանի որ մայրը վիրավորվել էր իմ այն արտահայտությունից, որ բոլորը հավասար են դասարանում և պետք է կարգուկանոն լինի: Տղայի մայրը տնօրենին ասաց, որ ես նման կերպ խեղճացնում եմ իր երեխային ու վիրավորում եմ իրենց, երբ ասում եմ, որ բոլորը հավասար են: Տղայի մայրը կարծում է, որ իրենք առավել են մյուսներից, քանի որ ֆինանսապես ավելի լավ վիճակում են: Մի խոսքով, երկար-բարակ խոսելուց հետո տնօրենը նրան դուրս հրավիրեց սենյակից, ասելով, որ ես ինձ շատ ճիշտ ու արժանապտիվ եմ պահել՝ մանկավարժին վայել ձևով, իսկ իրենք եթե ուզում են, կարող են իրենց երեխային տանել այլ դպրոց